Ալմաթիում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունը շարունակում է առանձնապես չուրախացնել մարզաձևի հայ երկրպագուներին, եթե չասենք ուրիշ բան: Մեդալներ մինչ այժմ չունենք ու չէինք էլ կարող ունենալ նման պատրաստվածությամբ, նման մասնակցությամբ, ուժերի նման հարաբերակցությամբ: Թերևս միակ ուրախացնողը 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանի մասնակցությունն էր, սակայն այս քաշային կարգում այնպիսի հսկաներ կան, որ աշխարհի առաջնության մեդալի ակնկալիք ունենալը համազոր է «կրեմլյան երազող» լինելուն (հարկավ, հիշեցիք Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդին Հերբերտ ՈՒելսի տված գնահատականը):
Զուտ վիճակագրության սիրահարների համար ներկայացնենք մեր մարզիկների ցույց տված արդյունքներն ու գրաված տեղերը՝
Սմբատ Մարգարյան՝ 250 կգ (107+143), 18-րդ տեղ 56 կգ քաշային կարգում,
Վանիկ Ավետիսյան՝ 320 կգ (141+179), 5-րդ տեղ 69 կգ քաշային կարգում,
Արա Խաչատրյան՝ 330 կգ (150+180), 16-րդ տեղ 77 կգ քաշային կարգում,
Հակոբ Մկրտչյան՝ 320 կգ (140+180), 22-րդ տեղ 77 կգ քաշային կարգում,
Էլեն Գրիգորյան՝ 148 կգ (65+83), 26-րդ տեղ 48 կգ քաշային կարգում,
Աննա Գովելյան՝ 175 կգ (80+95), 22-րդ տեղ 53 կգ քաշային կարգում:
Երեկ չէ առաջին օրը Բ խմբում մրցելույթ է ունեցել 85 կգ քաշային Աղասի Աղասյանն ու ցույց տվել 5-րդ արդյունքը, որը, բնականաբար, առաջին տասնյակից այն կողմ ցուցանիշ կլինի, քանի որ Ա խումբը կազմած մարզիկները երեկ են ելույթ ունեցել, ու այս պահին ինֆորմացիային չենք տիրապետում:
Արդ՝ ի՞նչ մարզիկներ ունենք, ովքեր դեռ հանդես չեն եկել, ու ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ: Տղաներից մրցասպարեզ դեռ չեն ելել Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), գերծանրքաշայիններ Հայկ Հակոբյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Առաջինն ընդամենը տասնյոթ տարեկան է (ի դեպ՝ նույն տարիքին էր նաև Հակոբ Մկրտչյանը, ու պատանու նկատմամբ խիստ չի կարելի լինել), սակայն այդ նույն պատանեկանում իրեն փայլուն դրսևորած: Մեր հսկան միանշանակ կռիվ է տալու, ու եթե ամեն ինչ հաջող լինի, վարկանիշային լուրջ միավորներ է բերելու մեր ընտրանուն: Կուզենայինք ավելին էլ ասել, բայց առաջ չընկնենք: Փոքր մեդալի լուրջ հավակնություններ հաստատ կարող է ունենալ Ռուբեն Ալեքսանյանը՝ պայմանով, որ իրեն լիովին դրսևորի: Աղջիկների մասնակցության մասին դժվար է խոսելը (մնացել են 63 կգ քաշային կարգում հանդես եկող Իզաբելա Յայլյանն ու Քրիստինե Պետրոսյանը, 69 կգ քաշային Մելինե Դալուզյանն ու +75-ը ներկայացնող Հռիփսիմե Խուրշուդյանը), թեպետ հնարավոր է ամեն ինչ: Ինչևէ: Առաջ չընկնենք, սպասենք դեպքերի բարեբաստիկ զարգացումներին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ